ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-29-ին անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացմանը, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր տասը հավաքականների` Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ: Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը գրոսմայստերներ են՝ եզակի դեպք ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպել աշխարհի շախմատի թիմային առաջնություն, առաջինը 2001-ին էր, Երևանում:
Առաջնության բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, հավաքականների շախմատիստներին և մրցաշարին հետևող շախմատասերներին՝ մրցաշարին մաղթելով գեղեցիկ խաղ և հաջողություն: Նախագահը հպարտությամբ է նշել, որ աշխարհում շատերը Հայաստանը համարում են շախմատային մեծ տերություն, չնայած մեր երկիրն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ: Նախագահի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շախմատ սիրում են և խաղում, հպարտանում մեր ազգային թիմով: Ըստ Սերժ Սարգսյանի, պատահական չէ, որ մեր երկրում վաղուց արդեն անցկացվում են խոշոր մրցաշարեր ոչ միայն Երևանում, այլև Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում: Նա ընդգծել է, որ 2015 թ. և Հայաստանի, և ամբողջ հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարի է՝ այս տարի մեր ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ նպատակով անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք ներառում են չորս հիմնական ուղերձներ՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ: «Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015 թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերածննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք: Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է կյանքի շատ ոլորտների համար, և ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր, մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից խաղերի: Թող հաղթեն լավագույնները»,- ողջույնի խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: